Պաշտոնական տվյալներով` 2012-ին պետբյուջեից պետական աշխատողների սոցիալական փաթեթի համար ծախսվել է 12,2 մլրդ դրամ, նախատեսված 18 մլրդ-ի դիմաց։ Փաստորեն, տնտեսվել է մոտ 6 մլրդ դրամ։ Բայց «տնտեսում» ասվածն այստեղ տեղին չէ, քանի որ դա նշանակում է, որ պետական աշխատողները լիարժեք չեն օգտագործել իրենց հասանելիք գումարները։
Այս «տնտեսումը» զարմանալի է թվում` որ կողմից էլ հարցին նայենք։ Սա նշանակում է, որ պետական աշխատողները, որոնց համար նախատեսված է սոցփաթեթը, լիարժեք չեն օգտվել ծրագրից։ Իսկ որոշ պնդումների պատճառը թղթաբանությունն ու քաշքշուկն է, որը պահանջում է ծրագիրը։ Այսինքն, մարդու «զահլան» գնում է այդքան թուղթ հավաքելուց։ Իսկապես, մակուլատուրան երբեք ոչ մեկին հաճելի չի եղել։ Կա նաև այլ տեսակետ, որ մարդիկ ուղղակի չեն ցանկացել օգտվել սոցփաթեթից` կարիք չեն ունեցել, բայց արդյո՞ք դա այդպես է։
Եթե խոսենք ծրագրում ներառված միայն բժշկական ապահովագրության մասին, ապա կարելի է ընդունելի համարել «կարիք չեն ունեցել» ասվածը։ Իսկապես, հո ծրագրում ընդգրկված բոլոր 12 հազար աշխատակիցներն էլ չհիվանդացա՞ն, որ յուրաքանչյուրին հատկացվող 132 հազար դրամը ծախսվեր միայն բուժման վրա։ Քանի որ ծրագիրը, բացի բժշկական ապահովագրությունից, ֆինանսներ է հատկացնում նաև հիպոթեքային վարկի կամ հանգիստ կազմակերպելու համար, ապա անհավանական է դառնում ծրագրից չօգտվելու ցանկություն կամ անհրաժեշտություն չունենալու վարկածը։
Համաձայնեք, չլինի-չլինի, բայց գոնե ամռանը հանգստանալը ոչ մեկի համար ավելորդ չէ։ ՈՒրեմն ո՞րն է հիմնական պատճառը, որ մարդիկ ամբողջությամբ չեն օգտվել ծրագրից։ Գուցե իսկապես անհրաժեշտություն կա որոշ բաներ վերանայելո՞ւ, ինչու չէ` նաև փոխելու։ Իսկ կառավարությունը, իսկապես, ինչ-որ բան փոխելու քայլ վերջերս կատարեց, բայց այլ ուղղությամբ։ Այս տարի գործադիրը որոշել է ընդլայնել սոցփաթեթից օգտվողների շրջանակը։ Այսինքն, կօգտվեն նաև համակարգում ընդգրկված կազմակերպություններին սպասարկող անձնակազմերը, Երևանի մետրոպոլիտենի աշխատակիցները, գիտությունների ազգային ակադեմիայի և նրա ենթակայության տակ գտնվող ինստիտուտների աշխատակիցները և այլն։
Սոցփաթեթից օգտվողների ցանկի ընդլայնումը որոշ դեպքերում քննադատվում է. նշում են, որ ճիշտ կլիներ ոչ թե ընդլայնել, այդ գումարներն ուղղել դեպի բժշկական ապահովագրություն` օգտվողների քանակը թողնելով նույնը։ Բայց այս դեպքում կնշանակի աշխարհն աշխարհով, Հայաստանի կառավարությունն իր 12 հազար աշխատակցով։ Չընդլայնել ցանկը կնշանակի բանի տեղ չդնել մյուսներին։ Ի վերջո, եղած գումարներով պետությունը պետք է փորձի աստիճանաբար ապահովագրություն ասվածը ներմուծել։ Հետո չմոռանանք, որ պետական ապահովագրությունը նոր-նոր «չոչ» է անում մեր երկրում, և միանգամից պահանջել «պոդիումի քայլվածք», կներեք, անհասկանալի կլիներ։ Բայց որ ծնողը «չոչ» անող մանկիկին պետք է ուշի ուշով հետևի և ոտքի վրա ամուր կանգնել սովորեցնի, պարզից էլ պարզ է։ Եթե այսօր «չոչ անող մանկիկի» տարածքը կառավարությունն ընդլայնում է նոր ոլորտներ ներգրավելով, կարծում ենք` ճիշտ է, քանի որ գիտնականները, մետրոպոլիտենի աշխատակիցները նույնպես, պետական ծառայողների նման, իրավունք ունեն օգտվելու պետական պարտադիր ապահովագրությունից։ Այստեղ կարևորն այն է, որ ուսումնասիրվեն ծրագրից օգտվողների պահանջներն ու դժգոհությունները և փորձ արվի դրանք շտկելու։ Այդ ժամանակ իրականում կպարզվի, թե ինչպես է «տնտեսվել» 6 մլրդ դրամը։ Հակառակ դեպքում, պատկերը տխուր կլինի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ